Ադրբեջանի պետական պարտքը 2015թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է գրեթե 6.5 մլրդ դոլար։ Այս մասին գրում է ադրբեջանական ANS PRESS գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։ Համաձայն այդ տեղեկությունների՝ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 8.9 տոկոս։ Ընդ որում, վարկային միջոցների 7.3 տոկոսը տրվել են մինչեւ 10 տարի ժամկետով, 60.2 տոկոսը՝ 10-20 տարի ժամկետով, իսկ 32.5 տոկոսը՝ - 20 տարուց ավել ժամկետով։
Վարկերի արժութային կառուցվածքը հետեւյալն է. Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքի հատուկ իրավունքում (SDR) 9.9 տոկոս միջոցների 64.8 տոկոսը ընդգրկված է ԱՄՆ դոլարով, իսկ 21.4 տոկոսը՝ եվրոյով։ Մնացած մասը ճապոնական կամ մի շարք արաբական երկրների արտարժույթով է։
Միջոցները հիմնականում տրամադրվել են Համաշխարհային բանկի, Զարգացման ասիական բանկի, զարգացման իսլամական բանկի, զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի, միջազգային համագործակցության ճապոնական գործակալության եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից։ Վարկերն ուղղվել են «տնտեսական բարեփոխումների, ենթակառուցվածքների վերականգման ու վերակառուցման, ճանապարհաշինության, շրջանների ջրամատակարարման եւ երկաթուղիների բարեկարգման ուղղությամբ»։





























