ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 18-ին ընդունել է խորհրդարանում փորձուսուցում անցնող Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության եւ իրավագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:

Աշոտ Ղուլյանն ապագա քաղաքագետների ու իրավագետների ուշադրությանն է ներկայացրել օրենսդիր իշխանության կառուցվածքին ու գործունեությանը, ԼՂՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններին եւ դրանց շրջանակում Ազգային ժողովի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող հարցերը:  Խորհրդարանի նախագահն ընդգծել է ուսումնառության ընթացքում զարգացման ժամանակակից միտումներին հետեւելու, օտար լեզուների տիրապետելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին լիարժեք տեղեկատվությանը տիրապետելու եւ ճիշտ ներկայացնելու կարեւորությունը:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է ուսանողների հարցերին եւ շնորհավորել նրանց՝ գալիք Վերածննդի օրվա առթիվ: