Վոլոգդայի նահանգում աշխատանքային այցով գտնվող Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նախօրեին հանդիպում ունեցավ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուշիննիկովի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Վոլոգդայի մարզի ֆեդերալ միգրացիայի ծառայության պետ Սերգեյ Ժեստյաննիկովը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Վոլոգդայի նահանգի եւ ՀՀ մարզերի միջեւ առեւտրատնտեսական, գյուղատնտեսական, մշակութային եւ կրթության բնագավառներում փոխգործակցության խորացման հնարավորությունները:

Զրույցի ընթացքում Վոլոգդայի նահանգապետն ընդգծեց նահանգի հայ համայնքի կարեւոր դերակատարությունը Վոլոգդայի հասարակական եւ մշակութային կյանքում, որի խորհրդանիշն է մարզկենտրոնում հանդիսավորությամբ բացված հայ-ռուսական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարը:

Այցի շրջանակներում Հրայր Կարապետյանը հանդիպումներ ունեցավ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Վոլոգդայի եւ Չերեպովեցի հայ համայնքների կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցերը: Չերեպովեցի հայերի միության նախագահ Հարլեմ Զարգարյանը գլխավոր հյուպատոսին ծանոթացրեց Չերեպովեցում հայկական եկեղեցու եւ համայնքային մշակութային կենտրոնի կառուցման նախագծի հետ: