Արմավիրի քաղաքապետի ընտրություններում գրանցվել են բոլոր առաջադրված թեկնածուները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Երեկ՝ փետրվարի 18-ին, ժամը 18.00-ին, ավարտվել է թեկնածուներին գրանցելու ժամկետը, ըստ այդմ՝ առաջադրված բոլոր թեկնածուներն էլ գրանցվել են: Նրանք ինքնաբացարակի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, 18.00: Նախընտրական քարոզչությունը անց է կացվելու փետրվարի 25-մարտի 13-ը:
Նշենք, որ մարտի 15-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու, ավելին՝ ՀՀԿ անդամնրը առաջադրվել են միմյանց դեմ: Բացի Արմավիրի գործող քաղաքապետ,Ռուբեն Հայրապետյանի խնամի՝ Ռուբեն Խլղաթյանից՝ ընտրություններին առաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի անկուսակցական որդին Արտակ Գեւորգյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Ընտրություններին ինքնառաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը: Այսքանով սակայն առաջադրված ՀՀԿ-ականների ցուցակը չի ավարտվում: Իր թեկնածությունն է առաջադրել նաեւ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը: Ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Էդվարդ Վարդումյանը:





























