Պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական հոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ 2014թ.-ի հունվարի 13-ին տեղափոխված ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով դատական նիստը նորից հետաձգվել է:

NEWS.am-ի հետ զրույցում գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ փետրվարի 18-ին նշանակված նիստին Մհեր Խլղաթյանը նորից չէր ներկայացել:

«Այս անգամ դատական նիստին ոչ ոք էլ չէր եկել, իսկ Մհերի չներկայանալու պատճառների մասին որեւէ տեղեկություն չկա»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ դատարանը որոշում էր կայացրել բերման ենթարկել նորակոչիկին, որը հրաժարվում է ներկա գտնվել նիստերին:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել էր հունվարի 17-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը): Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել էին հունվարի 18-ին, նրանց մեղադրանք էր առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով: