Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը կդառնա Սերբիայի վարչապետ Ալեքսանդր վուչիչի խորհրդականը, հաղորդում է The Guardian-ը:

Նրան այդ աշխատանքի համար կվարձատրի ԱՄԷ-ն: Բլերի նշանակումը արդեն բուռն վրդովմունք է առաջացրել Սերբիայում, քանի որ Բլերը 1999-ին Հարավսլավիան ռմբակոծելու մոլի կողմնակիցներից էր եւ ամեն ինչում աջակցում էր ԱՄՆ-ին: Շատերը զարմացած են Վուչիչի դիրքորոշմամբ:

Ժամանակին նա հայտնի էր որպես Բլերի քաղաքականության մոլի քննադատ եւ անգամ Վոիսլավ Շեշելի (Սերբիայի արմատական կուսակցության առաջնորդ) հետ համատեղ գիրք էր հրատարակել, որտեղ թվարկվում են ռազմական հանցագործությունները, որոնց առնչություն ունի Բրիտանիայի վարչապետը, հաղորդում է Lenta-ն:

Նշենք, որ վարչապետի պաշտոնը 2007-ին թողնելուց հետո Բլերը խորհրդատվական ծառայություններ է մատուցել մի շարք երկրների առաջնորդների, այդ թվում Ռուանդայի, Ալբանիայի, Մոնղոլիայի եւ Քուվեյթի: Նրա ծառայություններից օգտվել են նաեւ Մուամար Քադաֆին եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Այդ գործունեությունը Բլերին մեծ եկամուտ է բերում. The Financial Times-ի տվյալներով՝ 2011 թվականին նա վաստակել է մոտ 20 մլն ֆունտ (մոտ 31 մլն դոլար):