Հայաստանյան ԲՈՒՀ-երում ուսման վարձը չի կարող գերազանցել տարեկան 1.3 մլն դրամը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 19-ին կայացած Կառավարության նիստին։ Ինչպես հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առավելագույն գումարի չափը վերաբերում է առկա եւ հեռակա ուսուցում իրականացնող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ԲՈՒՀ-երին։ Գումարի չափը սահմանվել է այն հաշվարկով, որպեսզի ուսանողների շահը հաշվի առնելու հետ մեկտեղ չտուժի ԲՈՒՀ-երի ֆինանսական կայունությունը։

Հայկական հավատարմագրով ուսումնական ծրագրերի համար նախատեսված վարձը չի կարող գերազանցել տարեկան 1.1 մլն դրամը բակալավրի եւ 1.2 մլն դրամը մագիստրատուրայի համար։ Միջազգային հավատարմագրով ուսումնական ծրագրերի համար ուսման վարձը չի կարող գերազանցել համապատասխանաբար 1.2 եւ 1.3 մլն դրամը ։

Բացառություն կարվի Times Higher Education վարկածով աշխարհի 200 լավագույն ԲՈՒՀ-երի համար, եթե նրանցից որեւէ մեկը որոշի մասնաճյուղ բացել Հայաստանում։  «Մենք այդ ԲՈՒՀ-երի համար սահմանափակումներ չենք մտցնի, որպեսզի Հայաստանը գրավիչ մնա նրանց համար»,- հավելել է Աշոտյանը։