Անկեղծ ասած՝ ես ադրբեջանական մամուլի գիտակ չեմ, բայց երբեմն մտքի այպիսի «գոհարներ» են հանդիպում, որոնք դժվար է անտեսել։ Դրանցից մեկը՝ «Իսրայելում այս փաստերից հետո վերջնականապես խաչ կքաշեն «Հայոց ցեղասպանության» վրա» վերնագրով հոդվածը, վերջերս լույս էր տեսել Vesti.az գործակալությունում ոմն Վուղար Հասանովի կողմից։
Առաջին հայացքից հոդվածում ոչ մի նոր բան չկար։ Հայերին եւ հրեաներին իրար դեմ լարելու հերթական փորձն էր։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ առանց որեւէ հաստատող փաստերի երկար եւ «համարձակ» գրել այն մասին, թե ինչպիսի ֆաշիստ, ազգայնական եւ հակասեմական են հայերը, ադրբեջանական պարբերականի եւ նրա գաղափարակիցների ֆիրմային ոճն է։ Սակայն, ի մեծ դժբախտություն նրանց, աշխարհում դեռ մնացել են առողջ դատող մարդիկ, որոնք լավ էլ գլուխ են հանում համաշխարհային պատմությունից ընդհանրապես եւ կոնկրետ խնդրից մասնավորապես։
Սկսենք նրանից, որ սվաստիկայով (կեռախաչ) հուշարձանի լուսանկարը արված է 2010թ.։ Սակայն տարօրինակ կերպով, հոդվածագիրը մոռանում է հիշատակել, որ կատարվածից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննադատության էր ենթարկել միջադեպը եւ պաշտոնապես հայտարարել էր, որ հակասեմականությունը Հայաստանում տեղ չունի։
Հիմա անդրադառնանք Իսրայելի նախագահ պարոն Ռիվլինին։ Ստիպված եմ հիասթափեցնել, բայց ես անձամբ եմ լսել նրա ելույթը ՄԱԿ-ում։ Բանը նրանում է, որ պարոն նախագահը խոսում էր իվրիտով, սակայն մարգարեների լեզուն ադրբեջանական քարոզչամեքենայի ուժեղ կողմը չէ, քանի որ իր ելույթում նա մի քանի անգամ օգտագործել է «Rezax am» (Genocide) –רצח עם եզրը։ Vesti.az-ի գիտաֆանտաստիկ հոդվածում հիշատակվում է 20 000 հայ ազգայնականների մասին։ Մասնավորապես, հեղինակը խոսում է 20 հազար հայ ազգայնականների մասին, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել
Հիտլերի հակասեմական «մահվան երթ» քաղաքականության իրականացման գործում։
«Հրեաների դեմ հայերի իրականացրած հանցագործությունները հիմնականում անհայտ են մարդկանց, չնայած, որ հայ ազգայնականները գերակշիռ դեր են խաղացել նացիստական Գերմանիայում հրեական հարցի «վերջնական լուծման» գործում»,- գրում է հոդվածագիրը։
Հավանաբար խոսքը հայկական 18. 000-անոց «Զեյթուն» գումարտակի մասին է։ Բավականին հետաքրքիր հայտարարություն է, քանի որ ելնելով պատմական փաստաթղթերից՝ պատկերն ունի հետեւյալ տեսքը. 1942թ. նոյեմբերի 18-ից գումարտակը գործողություններ է իրականացրել Կովկասում, մասնակցել է Նալչիկի եւ Մոզդոկի մարտական գործողություններին, Կուբանի եւ Կերչի թերակղզու ինքնապաշտպանական մարտերին։ 1943թ. հոկտեմբերի 16-ին գումարտակը ժամանել էր Բելգիա՝ Հոլանդիայում հետագա ծառայության անցնելու նպատակով, այնուհետեւ վերապատրաստում էր անցել Սիսոնում, իսկ 1944թ. հունվարին տեղափոխվել Հարավային Բեւելանդ։ 1944թ. օգոստոսին գումարտակը տեղափոխվել էր Նորմանդիա, որտեղ եւ դաշնակիցների «Օվերլորդ» գործողության արդյունքում դադարեցրել էր իր գործունեությունը մեծ կորուստների պատճառով։ Ինչպես պարզ է դառնում, «մահվան երթի» կամ դրա տեղի մասին ոչ մի հիշատակում չկա։ Հետաքրքիր է, որ Հիտլերը, կասկած հայտնելով արեւելյան լեգեոնների կապակցությամբ, քիչ թե շատ վստահություն էր ընծայում միայն մուսուլմաններին։ 1942թ. դեկտեմբերի խորհրդակցությանը նա հայտարարել էր. «Ես չգիտեմ, թե այս վրացիներն ինչպես կդրսեւորեն իրենց. նրանք թյուրքական ցեղերից չեն... իսկ ես հուսալի եմ համարում միայն մուսուլմաններին. Մնացածին ես չեմ վստահում։ Չնայած Ռոզենբերգի արած հայտարարություններին՝ ես չեմ վստահում անգամ հայերին»։ Մյուս փաստը, որի մասին ամոթով լռում են ադրբեջանցիները, այն է, որ հայկական գումարտակից բացի, կար նաեւ ադրբեջանական գումարտակ, որը գործում էր նացիստական Գերմանիայի դեմ Վարշավայի ըմբոստությունը ճնշելու համար։ Նշենք, որ հենց այդտեղ էր, որ «մահվան երթերը» բավական տարածված էին։
Ես իհարկե հասկանում եմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան սիրում է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել, բայց խոսել Հայաստանի իբր թե «նացիստական անցյալի» մասին, ներկայացնել Դրաստամատ Կանայանին (Դրո)եւ Գարեգին Նժդեհին իբրեւ նացիստների՞։ Հոդվածագրի պատմության գիտելիքները պարզապես ապշեցնում են։ Ինչպես Գարեգին Նժդեհը, այնպես էլ դաշնակ Դրոն այդ քայլին գնացել են բացառապաես հայ ազգը բնաջնջումից փրկելու համար։ Քանի որ Ադրբեջանի եղբայր Թուրքիան՝ նացիստական Գերմանիայի դաշնակիցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որոշել էր այդ համագործակցությունից իր օգուտը քաղել եւ «հրեական հարցի» հետ մեկտեղ վերջնականապես լուծել դեռեւս 20-րդ դարի սկզբին կիսատ թողած «հայկական հարցը»՝ համոզելով գերմանացիներին, որ հայերը նույնպես պատկանում են «սեմական ռասային»։ Թե ինչ ճակատագիր էր սպասում հայերին այդ դեպքում, գուշակել պետք չէ։
Եթե խոսում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայերի ունեցած դերի մասին,ապա ո՞ւր են ֆրանսիական La Resistance ընդդիմադիր շարժման անդամ Միսակ Մանուշյանի եւ նրա կնոջ՝ Մելինեի մասին հիշատակումները։ Ինչու՞ չհիշատակել խորհրդային մարշալների անունները՝ Բաղրամյան, Իսակով, Բաբաջանյան, Խուդյակով։ Հայ ազգի 24 ներկայացուցիչներին Յադ վա Շեմ ինստիտուտը «Խաղաղության սրբի» կոչում է շնորհել։ «Խաղաղութան սրբեր» կոչում էին այն ոչ հրեաներին, որոնք անշահախնդրորեն փրկել են հրեաներին նացիստական հարձակման տարիներին։ Նրանք մարդիկ էին, որոնց հանդեպ հրեական ժողովրդի երախտագիտությունը իր հետեւում է թողում մնացած ամեն բան, եւ մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել այդ մարդիկ մեր ազգի համար։ Իսկ քանի՞ Սուրբ է տվել Ադրբեջանն ու ադրբեջանական ազգը։ Իսկ ինչ վերաբերում է Արմեն Ավեստիսյանին, որի մասին հոդվածում ասված է, թե նա ձերբակալվել եւ ազատազրկման է դատապարտվել իր հակասեմական արտահայտությունների համար, ապա ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, որոնք ի չիք կդարձնեն նեղացած երեխայի պես իրեն պահող եւ այդ մակարդակով հոդվածներ գրող հեղինակի արտահայտությունները։ Սակայն ես դրա կարիքը չեմ տեսնում։
Իսկ հայ ժողովրդի հանդեպ տգետ քարոզչի տածած անձնական հակակրանքը եւ հիստերիկ հոդվածները թույլ փաստարկներ են՝ լարելու հրեական համայնքին հայերի դեմ։ Այդ ազգի հետ մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք, քան հակասություններ։ Մեզ միավորում է ցավը, տառապանքը եւ կարեկցանք։ Նույնիսկ վիրավորական է, որ Ադրբեջանի պես հարուստ երկրում քարոզչության ոլորտում աշխատում են նման ոչ պրոֆեսիոնալ մարդիկ։
Մենդել Կորսունսկի





























