ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, գոհունակությամբ նշելով, որ երեկ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմիի հետ ունեցած հանդիպման ժամանակ առիթ է ունեցել հանգամանորեն քննարկելու հայ-էմիրաթական հարաբերություններն ու համագործակցության հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ եւ անկեղծորեն ուրախ է, որ այսուհետ սպորտի բնագավառը եւս, հատկապես՝ շախմատը, կներառվի փոխգործակցության ոլորտների ցանկում:

Սաիդ Ալ Մեիբալը նշել է, թե չափազանց տպավորված է Հայաստանում շախմատի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով, աշխարհում առաջինը հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման հաջողված փորձով եւ ընդհանրապես, առանց տարիքային սահմանափակման շախմատ խաղալու մշակույթն ամբողջ երկրում տարածելու աշխատանքով:

Արաբական Միացյալ Էմիրությունները, այդ երկրի Շախմատի ֆեդերացիայի նախագահի խոսքով, մեծապես հետաքրքրված է շախմատի ոլորտում Հայաստանի օրինակելի փորձն ուսումնասիրելու եւ Էմիրություններում եւս կիրառելու հարցում, ավելին՝ իր երկրի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անելու նաեւ շախմատի ոլորտում: Սաիդ Ալ Մեիբալը ոլորտի հաջողությունները պայմանավորել է նաեւ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի եւ նրա նախագահի ակտիվ գործունեությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է շախմատի ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությունը զարգացնելու Էմիրությունների հետաքրքրվածությունն ու ցանկությունը: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի միջեւ Համագործակցության եւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալը: