Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը եւ մի խումբ մտավորականներ կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը, նշելով, որ ՀՀ նախագահի կողմից մատնանշված մոտեցումը միջանձնային հարաբերությունների դաշտից վերջապես պետք է տեղափոխել պետականաշինության ոլորտ:
Կաչում ասվում է.
«Մենք` ներքոստորագրյալներս, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, դիմում ենք հասարակությանը, իշխանությանն ու ընդդիմությանը:
Այլեւս անհերքելի փաստ է, որ երկրում կուտակվել են համակարգային հիմնախնդիրներ, որոնց լուծումը պետք է վաղուց սկսված լիներ: Անհետաձգելի պահանջ է դարձել կառավարման այնպիսի համակարգի ձեւավորումը, ուր ազգի ստեղծագործական ներուժը պահանջված կլինի սեփական հայրենիքում, ուր կբացառվեն օլիգարխական մենաշնորհային դրսեւորումները, կոռուպցիան, ստվերը, սոցիալական բեւեռացումը, հասարակության տարանջատումը յուրայինների եւ օտարների, իրավական համակարգի անարդարությունները եւ բազմաթիվ նման երեւույթներ:
Հանրահայտ է, որ հասարակության դժգոհության ու վրդովմունքի հարուցողը երկրի տնտեսական եւ հոգեւոր-գաղափարական զարգացման ռազմավարության բացակայությունն է, որով էլ պայմանավորված է արտագաղթի, աղքատության եւ համընդանուր հուսալքության աննախադեպ աճը եւ հիմնախնդիրների եւս մի ամբողջ շարք:
Սակայն, ներկայիս աշխարհաքաղաքական վտանգավոր մարտահրավերների պայմաններում, երբ հայության ուշադրությունը կենտրոնացած պետք է լինի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, երկրում զարգանում է ոչ քաղաքական գործընթաց, ինչը հասարակությանը հասցնում է անորոշության անդունդի եզրին, որտեղ առկա են միայն ազգային արժանապատվության ոտնահարում, ազգային դիմազրկում եւ այլ վտանգավոր երեւույթներ:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ ավանդույթ ունի ներքին տարաձայնությունները լուծելու առանց հարեւանների միջամտության՝ կարեւորելով ընտանիքի ամբողջական եւ ոչ թե անհատական շահերը: Անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, մենք կողմ կլինեինք երկրի Նախագահի այն տեսակետին, որ անհրաժեշտ է մաքրել քաղաքական դաշտը ոչ քաղաքական գերաճուկներից՝ վերացնելով նաեւ օլիգարխական համակարգը, ինչին կնպաստեին սահմանադրական բարեփոխումները, եթե այդ պահանջը վերաբերվեր բոլոր կողմերին եւ հատկապես` իշխող թիմին:
Կարծում ենք՝ իշխանությունը չպետք է իրեն բավարարված զգա միայն ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեղմացմամբ, քաղաքական դաշտից այս կամ այն գործչի հեռացմամբ կամ բարձրագույն պաշտոնների հավակնության կանխումով:
Մենք համոզված ենք, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը համակարծիք է, որ այս գործընթացը մեզ անհրաժեշտ է հանուն այն Հայաստանի կայացման, որի մասին երազում է ամեն մի հայ: Հետեւաբար, պահանջում եւ ակնկալում ենք ՀՀ նախագահի կողմից մատնանշված մոտեցումը միջանձնային հարաբերությունների դաշտից վերջապես տեղափոխել պետականաշինության ոլորտ եւ գործել առավել անաչառ եւ օբյեկտիվ:
Միայն այն դեպքում, երբ այդ պահանջներին ենթարկվեն նաեւ բոլոր «յուրայինները», հասարակությունը կպաշտպանի հայտարարված գործընթացը, որը մեր կարծիքով պետք է գարնան հորդառատ հեղեղի պես մաքրի տարիներ շարունակ կուտակված աղբը ու ոչ մի դեպքում չդառնա մեկ գործողությամբ ներկայացում, որի վարագույրը դեռ չբացված կփակվի` վերջնականապես տապալելով տիրող կարգերի առողջացման բոլոր հույսերը:
Համոզված ենք նաեւ, որ այս հակամարտությունը ինչով էլ որ ավարտվի, կարթնացնի հասարակության այն կարող խավը, որն իր հավատով եւ կամքով այլեւս չի նահանջի եւ ի զորու կլինի դառնալու իրական Հայաստանի կերտողն ու կառուցողը:
1. Ազատ Եղիազարյան (Բանասիրական գիտությունների թեկնածու)
2. Կարինե Դանիելյան (Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
3. Թաթուլ Մանասերյան (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
4. Ֆերդինանդ Առաքելյան (Քանդակագործ)
5. Բենիամին Միրզոյան (Պրոֆեսոր, Հայրենական Մեծ պատերազմի վետերան)
6. Արմեն Հովսեփյան (Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր)
7. Կարինե Տոնոյան (Լրագրող, հաղորդավար)
8. Ռուբեն Բարենց (Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ)
9. Արման Բոշյան (Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ)
10. Ջուլիա Մարտիրոսյան («Ավանգարդ-մեդիա» ՀԿ)
11. Ժասմինա Ղեւոնդյան («Ներուժ» ՀԿ նախագահ)
12. Արամ Սարգսյան (Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար)
Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ՝
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության





























