NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Ֆեհիմ Թաշթեքինի՝ Al-Monitor-ի կայքում հրապարակված հոդվածը:

Անցյալ տարի Նիդգեում թուրքական անվտանգության ուժերի վրա հարձակված «Իսլամական պետության» զինյալների դատական գործի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թուրքիան, բացի ընդդիմադիր ուժերին զենք եւ զինամթերք մատակարարելուց, նաեւ հրետանային աջակցություն է ցուցաբերել ընդդիմադիր ուժերին, որ գրավել են Սիրիայի Քեսաբ քաղաքը:

Դատախազն ապշեցուցիչ խոստովանություններ է ստացել՝ լսելով դատապարտվածների հեռախոսազրուցները: Փաստաթղթերի համաձայն, որը ձռք բերել «Cumhuriyet» թերթից Ահմեդ Սիքը, հեռախոսազրույցների սղագրությունը ցույց է տալիս, որ Քեսաբի ընդդիմադիր ուժերը Թուրքիայում գտնվող անձանց հայտնել է Քեսաբի շուրջ սիրիական բանակի դիրքերի կոորդինատները, ինչից հետո թուրքական կողմը հրետակոծել է այդ վայրերը:

2014 թվականի հունիսին, երբ նախագահ Բաշար Ասադի բանակը վերադարձրել է Քեսաբը, թուրքական բանակը կրակ է բացել սիրիական կողմի ուղղությամբ: Թուրքիայի ԱԳ նախարարությունը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով. «Բոլոր պնդումներն այն մասին, որ Թուրքիան աջակցում է ընդդիմադիր ուժերին՝ նրանց թույլատրելով օգտագործել թուրքական տարածքները կամ ցանկացած այլ օգնություն ցուցաբերելով, բացարձակապես անհիմն են»:

Իսկ Նիգդեում հարձակման մասնակիցների հեռախոսազրույցների գաղտնալսման արդյունքում ստացված տեղեկությունները հակասում են պաշտոնական հայտարարություններին: Ձայնագրությունների համաձայն, «Բայիր Բուջաք» թուրքմենական ճակատի հրամանատար Ադիլ Օռլին եղբոր՝ Այհան Օռլիի միջոցով կոորդինատներ է փոխանցել Այլադաղի երիտասարդական ասոցիացիայի նախագահ Մեհմեդ Թոքթաշին: Հունիսի 14-ին կայացած զրույցում Յաշար Բենլի անունով անձն Այհան Օռլիին խնդրել է կրակ բացել սիրիական ստորաբաժանումների ուղղությամբ:

Դատական փաստաթղթերում նկատառումներ կան, որոնք ուժեղացնում են ռադիկալ խմբերին Թուրքիայի ցուցաբերած օգնության շուրջ կասկածները: Al-Monitor-ի կայքը Նիգդեի միջադեպի շուրջ զենքի մատակարարումների մասին տեղեկություններ է ստացել: Կասկածյալ Մեհմեդ Ասքարը բացատրել է, որ զենքն ապօրինաբար Սիրիա է ուղարկվել Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կարգադրությամբ:

Ասքարը պատմել է, որ ինքն ու սիրիական թուրքմեն Հեյսեմ Թոփալջան, որը, ըստ տեղեկությունների, աշխատում է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունում, թուրք զինվորների կողմից ձերբակալվել են, երբ զենք են փոխադրել Սիրիա, սակայն մի քանի հեռախոսազրույցներից հետո իրենց ազատ են արձակել եւ զենքը Սիրիա են հասցրել: