Հիփոթեքային վարկ վճարողները կազատվեն եկամտահարկից վարկի տոկոսադրույքի չափով։ Հարկային վճարումների փոխհատուցման կարգը փետրվարի 19-ին կայացած նիստում հաստատել է  ՀՀ Կառավարությունը 2014թ. վերջին  «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների շրջանակում։

Համաձայն օրենքի՝ պետությունը փոխհատուցում է 2014թ. նոյեմբերի 1-ից հետո ձեւակերպած հիփոթեքի տոկոսները, եթե բնակարանը ձեռք է բերվում անմիջապես կառուցողից (այդ թվում՝ պետական եւ համայնքային ծրագրերով) կամ կառուցվում է սեփական տուն։

Փոխհատուցման համար անհրաժեշտ է տարածքային հարկային տեսչություն ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հիփոթեքային պայմանագիրը կամ  նրա վավերացված պատճեն, ինչպես նաեւ վճարվող տոկոսների մասին բանկից կամ վարկային կազմակերպությունից տրամադրված տեղեկանք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պլանավորվում էր հարկային արտոնություններ տալ միայն սահմանամերձ գյուղերի բնակիչների, սակայն հետո որոշում էր կայացվել տարածել այդ արտոնությունները ողջ հանրապետությունում։