Հայաստանի Կառավարությունը թույլ կտա ծխախոտ արտահանողներին փոփոխություններ կատարել վաճառքի առավելագույն գնի մեջ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 19-ին կայացած Կառավարության նիստին։
Ինչպես պարզաբանել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, վաճառքի առավելագույն գինը հնարավոր կլինի փոխել այն դեպքում եթե նախորդ երկու ամիսների ընթացքում հայկական դրամի միջին ամսական արժեքը ԱՄՆ դոլարի համեմատ ԿԲ տվյալներով աճել է ավելի քան 5 տոկոսով։ «Փոփոխությունը կատարվում է ՝ հաշվի առնելով 2014թ. նոյեմբեր-դեկտեմբերին արժույթի տատանումները»,- պարզաբանել է Միրումյանը։ Մանրածախ վաճառքի առավելագույն գինը որոշվում է արտադրողի եւ ներկրողի կողմից՝ Ֆինանսների նախարարության հարկային հաշվառումը պարզեցնելու նպատակով։
Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերի 24-ից հայկական դրամը զգալիորեն թուլացրել էր իր դիրքերը դոլարի եւ եվրոյի համեմատ։ Եթե նոյեմբերի 23-ին դոլարը, համաձայն ԿԲ փոխարժեքի, արժեր 418.4 դրամ, ապա դեկտեմբերի 17-ին՝ 527.2 դրամ։ Դրանից հետո տատանումները նվազել էին. հունվարի 14-ին դոլարի փոխարժեքը կազմում էր 477.04 դրամ, իսկ փետրվարի 19-ին՝ 479.16 դրամ։





























