NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լոսանջելեսյան լրագրող Լիանա Աղաջանյանի՝ կալիֆորնիական «Glendale News-Press» պարբերականում հրապարակված հոդվածը:
Այս ամիս երեք կանանց մասին լուրը, որոնք իրենց մեղավոր են ճանաչել Մեքսիկայի տարածքով Հայաստանի քաղաքացիների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ կազմակերպելու մեջ, Գլենդելում բարձրացրեց այդ հարցը:
Ինչը կարող է որեւէ մեկին ստիպել՝ օտար անձին հազարավոր դոլարներ վճարել եւ վտանգել կյանքը՝ այլ երկիր հասնելու եւ ամեն ինչ նորից սկսելու համար: Պատերազմը, հետապնդումները, աղքատությունը… Այդ խնդիրներից խուսափել փորձող մարդիկ, եւ նրանք, ովքեր շահ են ստանում նրանց տառապանքներից, մեծ, գլոբալ, մշտական խնդիր են:
ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչության տվյալներով, ապօրինի միգրանտների մուտքը տարեկան ավելի քան 6 մլրդ դոլարի եկամուտ է բերում հանցագործներին, ովքեր աշխատում են Աֆրիկայից Եվրոպա, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայից Հյուսիսային Ամերիկա ուղղություններով:
Կազմակերպության տվյալներով, մարդիկ դրա համար 2-ից մինչեւ 10 հազար դոլար են վճարում: Ապրելով եւ աշխատելով Հայաստանում՝ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են միգրանտները, որոնք փորձում են անօրինական ճանապարհով Միացյալ Նահանգներ հասնել, այս դեպքում՝ Գլենդելի բնակիչների օգնությամբ, կարողանում յուրաքանչյուրի համար 18 հազար դոլար հավաքել:
ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչությունը խորհուրդ է տալիս լրջորեն «դիտարկել միգրացիայի եւ զարգացման հարցերը»:
Հայաստանը լքել ցանկացող քաղաքացիների դեպքը եզակի չէ: Յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ տեղ գնալ՝ ավելի բարենպաստ հնարավորություններ գտնելու համար՝ ավելի հեռու աղքատությունից, խտրականությունից եւ կոռուպցիայից, որոնք ողողել են նրանց կյանքի բոլոր ոլորտները:
Մինչ այդ, «Oxfam» կազմակերպության տվյալներով, 80 հոգի այնքան կարողություն ունի, որը հավասար է աշխարհի 3.6 մլրդ աղքատ մարդկանց կարողությանը: Հեշտ է մեղադրել միգրանտներին, սակայն, հավանաբար, ավելի հեշտ է մեղադրել համակարգին, որը ծնում է նրանց:





























