ՀՀ վարչական դատարանն այսօր՝ փետրվարի 19-ին, բավարարեց ոստիկանության հայց եւ 50 հազար դրամով տուգանեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին։

Նշենք, որ ոստիկանությունը պահանջել էր Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկել 2014թ. ապրիլի 4-ին ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Արգիշտի Կիվիրյանը դատարանի որոշումն անհիմն ու պատվիրված է համարում։

«Վարչական դատարանը կատարեց հերթական պատվերն իմ դեմ։ ՀՀ դատարաններն արդեն որերորդ անգամ կատարում են իշխանության եւ ոստիկանության պատվերները եւ վճիռներ կայացնում իմ դեմ։ Սա նորություն չէր, ակնհայտ էր, որ այսպես էլ պետք է լիներ։ Զարմանալի կլիներ, որ ՀՀ դատարանը կայացներ այլ վճիռ, որովհետեւ Հայաստանում արդարություն եւ արդար դատական մարմիններ չկան»,- դատական նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիվիրյանը՝ նշելով, որ բողոքարկելու է որոշումը։

Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ Արգիշտի Կիվիրյանը, Վարդգես Գասպարին եւ այլ քաղաքացիներ բերման էին ենթարկվել այն բանից հետո, երբ նրանք փորձել էին բողոքի ակցիան անցկացնել Դատախազության շենքի մայթին, իսկ ոստիկանները թույլ չէին տվել։