ԵՏՄ շրջանակներում դեռեւս կարգավորված չէ ցորենի տարանցումը Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստան ցորեն ներկրող խոշորագույն ընկերներից մեկը հանդիսացող «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն գուրգեն Նիկողոսյանը:

Ավելի վաղ Հայաստանի համար ցորենը բեռնվում էր ռուսական նավահանգիստներում՝ արտահանման ռեժիմով, հիմա միասնական մաքսային տարածքին միանալուց հետո արտահանման ռեժիմին պետք է փոխարինի տարանցման ռեժիմը (Վրաստանի տարածքով): Ու թեեւ հին ռեժիմը կորցրել է ուժը, սակայն նորը դեռ չի մտցվել, ասել է Նիկողոսյանը: «Ստացվում է, որ մենք ոչ այնտեղ ենք, ոչ այստեղ»,-հավելել է նա:

Նիկողոսյանի տվյալներով՝ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել ռուսական կողմի հետ, որպեսզի արագացնի նոր կանոնների գործողության մեկնարկը: «Դեռեւս որոշումների կայացման ժամկետներ մեզ չեն ասում»,-ասել է նա՝ հավելելով, որ դրա պատճառով 2015-ի հունվարին իրենց ընկերությունը ցորեն չի ներկրել եւ աշխատում է 2014-ի պաշարների հաշվին:

Հարցին, թե կարո՞ղ է ռուսական ալյուրը Հայաստանի շուկայից դուրս մղել հայկականին, քանի որ ռուբլու արժեզրկման հետեւանքքով նվազել են ռուսական ապրանքների գները դոլարով, Նիկողոսյանն առարկել է, նկատելով, որ ալյուրի հետ միասին էժանացել է նաեւ ցորենը: