Երեւանի Արամի, Բուզանդի եւ Եկմալյան փողոցների նախկին բնակիչներն այսօր՝ փետրվարի 19-ին, հավաքվել էին կառավարության շենքի հետնամուտքի մոտ՝ հույսով, որ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ կհանդիպեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Վարչապետին բնակիչներն այդպես էլ չտեսան եւ փակեցին կառավարություն մտնող մեքենաներից մեկի ճանապարհը՝ փորձելով արտահայտել իրենց բողոքը։

«Երեք երեխա ունենմ, բայց այսօր մենակ եմ, երկուսը մուսուլմանական երկրում են, երրորդն էլ պատրաստվում ա գնալ։ Ամոթ, ղեկավարները վախենում են ժողովրդից։ Մի հրմշտեք, թողեք խոսեն մեր հետ, էս մեքենան ներս չի մտնելու»,-ասաց բնակիչներից մեկը։

Ոստիկանների եւ բնակիչների միջեւ հրմշտոց սկսվեց, ի վերջո ոստիկաններին հաջողվեց բացել մեքենայի ճանապարհը։

Նշենք, որ այս պահին բնակիչները դեռ հավաքված են կառավարության հետնամուտքի մոտ։

ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկել է։

Հիշեցնենք, որ վերոնշյալ փողոցների բնակիչները գերակա շահի «զոհեր են»։ Նրանք պահանջում են իրենց նախկին բնակարանների դիմաց համարժեք փոխհատուցում։