Արցախի պաշտպանության բանակի զինվորը, հաղթելով լուրջ զինված թշնամուն, կարողացավ իր շուրջը համախմբել հասարակության բոլոր խավերին` անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից: Այդ մասին այսօր` փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հաղորդում է Karabakh-life.am-ը:
Նախարարի խոսքով, 2014թ. ՊԲ-ն կատարել է իր առջեւ դրված կարեւոր` Արցախի անվտանգության խնդիրը: Կատարելագործվել է սպառազինությունը եւ համակարգը, բարձրացվել է զորքի մարտունակության աստիճանը: Այս ամենում բանակի հրամկազմի ուշադրությունը մարտական գիծն է եղել: «Լուրջ քայլեր ենք իրականացրել մարտական հերթապահության պատրաստվածության բարձրացման ուղղությամբ : Առաջին գծում տեխնիկայի համալրումը արդեն հնարավորություն է տալիս կանխավ տեղեկանալ թշնամու մտադրությունների մասին եւ ժամանակին կանխել նրա գործողություններն ու հնարավոր կորուստները»-ասել է ՊԲ հրամանատարը:
Միեւնույն ժամանակ Հակոբյանը ընդգծում է, որ միայն տեխնիկան բավարար չէ մարտական պատրաստվածության բարձարցման հարցում: «Ամենից առաջ զինվորը պետք է աչալուրջ լինի, մարտական ոգին բարձր, իսկ առաջնագծում իրավիճակը ցույց է տալիս, որ մեր զինվորի ոգին ամուր է, մեր ստորաբաժանումները պատրաստ են իրականացնելու ցանկացած առաջադրանք»,-ասել է Մովսես Հակոբյանը:
Ծոսելով սահմանին աճող լարվածության մասին՝ Մովսես Հակոբյանն ասել է, թե հակառակորդը դրանով հետապնդում է մի քանի նպատակ.
-Պատճառելով կորուստներ՝ փորձել բանակի նկատմամբ նվազեցնել հանրության վստահությունը,
-Ներքաշել Հայաստանն ու Արցախը սպառազինության մրցավազքի մեջ,
-Ներազդել Հայաստանի ներքաղաքական իրավիրակին եւ նպաստել արտագաղթին,
-Հաշվետու լինել սեփական բանակի սպառազինության համար ծախսած գումարների համար
-Վարժել սեփական զորքերը եւ նման գործողություններով ահաբեկել այն կազմակերպություններին, ովքեր ներգրավված են հակամարտության հարցը խաղաղ ճանապարհով լուծելու գործում:
Թշնամու կողմից իրականացված գործողությունների վերլուծության հանրագումարում Արցախի ԶՈՒ հրամանատարությունը համոզվել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն անհիմն են: «Դիվերսիոն ներթափանցման գործողություները իրականացնում է թշնամու 062 հատուկ նշանակության բրիգադան, որը պատրաստություն է անցել Թուրքիայում: Թշնամու ԶՈՒ մնացած ստորաբաժանումները ոչ մի դիվերսիոն գործողության չի մասնակցել, իսկ դա ապացուցում է, որ Ադրբեջանի ԶՈՒ պատրաստվածությունը չի համապատասխանում այդ երկրի ռազմատենչ հայտարարություններին»-ասել է Հակոբյանը:





























