Առաջիկա օրերին տեղի կունենան իրադարձություններ, որոնք կապացուցեն՝ խոշոր բիզնեսը պետք է հեռու լինի քաղաքականությունից։ Նման համոզմունք է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետաքրքրվեցին ԱԺ փոխնախագահից, թե արդյոք իշխող կուսակցությունում ինչ-որ բան է փոխվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում եւ ինչ է քննարկվել այսօրվա նիստում, արդյոք նոր պիտակավորումներ են եղել։

«Որեւէ պիտակավորում մեզ մոտ չի լինում։ Ինչ լինում է, դուք այդ մասին տեղեկանում եք»,- ասաց Նաղդալյանը։

Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին՝ Հերմինե Նաղդալյանը հաստատեց, որ «եղել են մի քանի հանդիպումներ, եղել են համապատասխան պայմանավորվածությունների վերաբերյալ հայտարարություններ»։

Նշենք, որ ՀՀԿ Խորհրդի՝ փետրվարի 12-ի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ Գագիկ Ծառուկյանի քննադատությունից մեկ օր անց ԲՀԿ-ն հայտարարեց հանրահավաք անելու եւ իշխանափոխության գնալու մասին։ Սակայն փետրվարի 17-ին Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում։