Երկուշաբթի Ազգային ժողովը լիագումար նիստ է գումարելու, որի ըթնացքում կարող է լսվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ ծառուկյանին մանդատից զրկելու հարցը:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հարցրել են, թե ինչ փուլում է ԲՀԿ առաջնորդին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Ի պատասխան Նաղդալյանը նշեց, որ երկուշաբթի կլինի ԱԺ նիստ եւ այնտեղ ամեն ինչ պարզ կլինի։
«Հանրապետականն իր կարծիքները չի փոխում երբեք։ Մեր հիմնական սկզբունքն այն է, որ խոշոր բիզնեսը պետք է քաղաքականությունից հեռու լինի։ Մոտ օրերի իրադարձությունները ցույց կտան, թե ինչպիսի գործողություններ տեղի կունենան։ Այդ քայլերը կտեսնեք, որոնցից կկարողանաք եզրակացություններ անել»,- խուսափողական պատասխան տվեց ԱԺ փոխնախագահը։
Նշենք, որ ՀՀԿ Խորհրդի՝ փետրվարի 12-ի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ Գագիկ Ծառուկյանի քննադատությունից մեկ օր անց ԲՀԿ-ն հայտարարեց հանրահավաք անելու եւ իշխանափոխության գնալու մասին։ Սակայն փետրվարի 17-ին Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում։




























