2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Ծառայության աշխատակազմի տեսուչները իրականացրել են դիտարկում Հ. Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետում, որի արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ եւ աղտոտված հավկիթներ՝ 34 հատ:

Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից եւ տեղում ոչնչացվել է:

Անհասկանալի մակնշմամբ եւ աղտոտված հավկիթների վերաբերյալ ահազանգ օրերս էր ստացվել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շնորհակալություն է հայտնում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ին հետեւողական աշխատանքի, սպառողների շահերն ու խնդիրներն ուշադրության առանցքում պահելու եւ խախտումների մասին բարձրաձայնելու համար: Ամենօրյա ուշադրություն պահանջող այս ոլորտում մեծ է հասարակական վերահսկողության դերը, եւ ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարեւոր՝ պետական եւ հասարակական կառույցների համագործակցությունն ու փոխլրացումը: