«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությանը, որտեղ վերջինս ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի գրությունը եւ դրա բովանդակությունը կասկածի տակ դնող հրապարակումները որակվել էին «անհեթեթ»:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորումն» այդ առթիվ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«1. Մեղմ ասած, տարօրինակ է այն հանգամանքը, որ 21-րդ դարում, փետրվարի 3-ին ուղարկված նամակը շաբաթներ անց դեռ չի հասել ՌԴ դատախազություն: Անգամ Երեւանից ձիով Մոսկվա ուղեւորված սուրհանդակը արդեն տեղ հասած կլիներ:
2. Համաձայն պաշտոնական հաղորդագրության, գլխավոր դատախազը այդ նամակում հղում է տվել հայ-ռուսական պայմանագրի մի դրույթի, որի համաձայն խնդրանքի մերժումը լիովին իրավաչափ կլինի… Եվ հղում չի տվել պայմանագրերի այն դրույթներին, որոնց համաձայն ռուսական կողմը պարտավոր է փոխանցել Պերմյակովին:
3. ՀՀ Դատախազությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը եւ չի տրամադրել նամակի պատճենը ոչ «Իրազեկ Քաղաքացիների Միավորմանը», ոչ էլ նույն պահանջով դիմած բազում լրատվամիջոցներին:
Ուստի, քանի դեռ ՀՀ դատախազությունը, խախտելով օրենքը, չի տրամադրում ոչ նամակի պատճենը, ոչ էլ դրա ուղարկված լինելու մասին որեւէ ապացույց, Հայաստանի հանրությունը իրավունք ունի պնդելու, որ այդպես դատախազությունը ինչ-որ բան է կոծկում… Հակառակ պարագայում որեւէ իմաստից զուրկ կլիներ օրենք ոտնահարելով գաղտնի պահել նամակի բովանդակությունը:
Նշենք, որ դեռեւս փետրվարի 13-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական Դատարան` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որ վերջինս տրամադրի խնդրո առարկա նամակի պատճենը: Իսկ անհեթեթության գնահատումը թողնում ենք հանրությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիյում տեղի ունեցած դաժան սպանդի մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի տանկիստ Վալերի Պերմյակովը այժմ գտնվում է նույն այդ ռազմաբազայի տարածքում: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հունվարի 15-ին «տղամարդավարի» խոստացել էր դիմել իր ռուս գործընկերոջը Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու խնդրանքով, ինչը, դատախազության պնդմամբ, նա արել է փետրվարի 3-ին»:





























