Փետրվարի 19-ի ՀՀ դատախազության տարածած հայտարարությունը հակասում է ՀՀ գլխավոր դատախազի Գյումրիում ՀՀ քաղաքացիներին տված խոստումներին։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Միանում եմ» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Տվյալ հայտարարությունը ՀՀ քաղաքացիների պահանջն իրականացնելու երաշխիքներ չի պարունակում, այն է՝ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իրավապահներին։

ՀՀ գլխավոր դատախազի տված խոստումից անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ոչինչ չի փոխվել։ ՀՀ դատախազության հայտարարության հետեւում թաքնվելով, անտեսելով հանրային պահանջը՝ գլխավոր դատախազը նպատակահարմար չի գտնում որեւէ բացատրություն տալ հասարակությանը, ինչը խոսում է նրա գլխավորած համակարգի անգործության մասին։

Մենք դատապարտում ենք գլխավոր դատախազի պարփակված, ոչ հրապարակային եւ ոչ թափանցիկ գործունեությունը Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործության մասով, ինչպես նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը չիրականացնելու համար։

Այս աշխատելաոճը մերժում է ժողովրդավարական կարեւորագույն սկզբունքների պահպանումը, որն ուղղակիորեն, բացասաբար է անդրադառնալու դատախազության կառավարման, աշխատանքի արդյունավետության, պետության եւ քաղաքացիների բաց հարաբերության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա։

Կրկին անգամ ՀՀ դատախազությունից պահանջում ենք՝

-գործել թափանցիկ եւ հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը,

-տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին,

-տալ երաշխիքներ, որ հանցագործը կամ հանցագործները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ։

Այս երեք կարեւորագույն կետերն անտեսելու եւ չկատարելու դեպքում ՀՀ քաղաքացիներս պահանջելու ենք ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը` ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքերը ոտնահարելու, պետության վարկանիշը գցելու եւ անգործության համար։