Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 20-ին քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նախագիծը, որին օրեր առաջ ավելացել է եւս մեկը՝ կապված փետրվարի 12-ին ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին:
«Այդ ելույթում Սերժ Սարգսյանը ցույց է տվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանող արարք՝ իր պաշտոնական լիազորություննեը ծառայեցրել է խմբային շահերին եւ անգործություն է դրսեւորել: Այսինքն երբ Ծառուկյանի գործունեությունը տեղավորվում է նրա քաղաքական պլաններում, ապա նա կարող է «աճեցնել»: Եթե ոչ, ապա Սերժ Սարգսյանը խախտում է Սահմանադրությունը՝ խտրական մոտեցում ցուցաբերելով ԲՀԿ առաջնորդի նկատմամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանն իր նախագծում ներկայացրել է «պետական դավաճանության մեկ դեպք, ութ հանցագործություն՝ պաշտոնական դիրքի չարաշահում»:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, սակայն, կարծում է, որ այս նախագիծը Նիկոլ Փաշինյանի ելույթների ամփոփ ժողովածուն է:
«Չեմ ցանկանում եւ նպատակահարմար չեմ գտնում այս որոշումը քննարկել իրավական հարթությունում: Ես սա դիտարկում եմ՝ որպես քաղաքական հարց: Դեմ ենք, որ նման նախագիծը շրջանառության մեջ դրվի»,- իր խոսքում նշել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Քննարկումը շարունակվում է:





























