Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագծի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին «հիշեցրեց» առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը:
«Ես հասկանում եմ, որ ձեր՝ գլխավոր դատախազ դառնալու երազանքը, պարոն Ջհանգիրյան, ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է: Եվ այդ երազանքն իրագործելու համար հիմա Դուք նոր ծրագրեր եւ սցենարներ մշակելու անհրաժեշտություն ունեք եւ այսօր արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը, ինչի կապակցությամբ Ջեզ շնորհավորում եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Ջհանգիրյանն ու իր կուսակիցները սկսել են Սերժ Սարգսյանին ընդունել՝ որպես նախագահ, ինչն ինքը չի պատրաստվում անել:
«Նրանք ընդունում են Սերժ Սարգսյանին, նամակ են գրում, իրենց խնդիրն է: Թող բաց նամակ գրեն, փակ նամակներ գրեն, ջան ասեն, ջան լսեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը սենյակից դուրս եկավ:
Նախագիծը հանձնաժողովը չընդունեց, հետեւաբար, այն չի ընդգրկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում:





























