Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե ակցիայի արդյունքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրախանութում, «Երեւան Մոլի» մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ակցիայի շնորհիվ հանրախանութն իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել:
«Երեւան Մոլի» տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.
«Երեւան Մոլում գործող ElectronicsPlanet տեխնիկայի խանութը կազմակերպել էր ակցիա, ըստ որի խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ եւ մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա վաճառվելու է 1000 ՀՀ դրամով, Այդ առիթով Մոլը իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել:
Ակնհայտ է, որ այդ ակցիան պետք է աշխուժություն առաջացներ հանրության մեջ, քանի որ այդպիսի առաջարկներ լինում են հազվադեպ:
Երեւան Մոլում գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են եւ նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում Մոլի ղեկավարության կողմից:
Հայտնում ենք նաեւ, որ այս պահին ակցիան ավարտված է, եւ որեւէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել»:
Հիշեցնենք, որ armtimes.com-ը տեղեկացրել էր, որ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում հիշյալ ակցիայի ժամանակ իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել. քաղաքացիները ճեղքել էին ոստիկանական շղթան եւ մտել առեւտրի կենտրոն։





























