Կայացել է հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ոլորտի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր վերելակներով կահավորել քաղաքային հասարակական տրանսպորտի թվով 10 ավտոբուս: Պատվիրված հատուկ վերելակներն արդեն տարեվերջին ներկրվեցին Երեւան:
2015 թվականի սկզբին սկսվեցին դրանց տեղադրման աշխատանքները «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսների վրա: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նշել է, որ վերելակներով կահավորված ավտոբուսների շահագործումից առաջ հաշվի են առնվել հատուկ կարիքներ ունեցող անձանց կարծիքներն ու առաջարկությունները:
Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն էլ ընդգծել է, որ այս նախաձեռնությունը դիտարկվում է նաեւ «Ավելի մատչելի Երեւան» ծրագրի մի մաս, եւ համոզմունք է հայտնել, որ երեւանցիները հնարավորին կօժանդակեն ավտոբուսներով տեղաշարժվող հատուկ կարիքներով քաղաքացիներին, թեեւ վերելակները ընձեռում են ավտոբուսում ինքնուրույն հայտնվելու հնարավորությունը:
Ընտրված առայժմ թվով 5 երթուղիները, ինչպես նաեւ սպասարկման ժամային գոտիները, համաձայնեցվել են հասարակական կազմակերպությունների հետ: Սկզբունքն այն է, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու եւ հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն ունենան:
Ըստ այդմ, համար 13 երթուղին կգործի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ, համար 20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, համար 22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, համար 28 երթուղին Քանաքեռ-Զեյթունից Նոր Նորքով կձգվի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաեւ «Գրացիա» Հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն եւ համար 35 երթուղին Նոր Նորքից կուղեւորվի Կենտրոն, այնուհետ նաեւ Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ:
Ծրագրի շնորհանդեսի ընթացքում վերելակների աշխատանքն ու ընձեռած հնարավորությունները փորձարկած շահառուները նշել են, որ դրանք իսկապես հարմարավետ են եւ շնորհակալություն են հայտնել իրենց նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության եւ հոգածության համար:
Ավտոբուսների կողային եւ դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաեւ ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների դիսպետչերական ծառայության 010-67-44-28 հեռախոսահամարով: Նպատակն այն է, որ շահառուն կարողանա զանգի միջոցով տեղեկություն ստանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին: Ծրագիրը կշարունակվի նաեւ 2015 թվականին: Այդ նպատակով դարձյալ համայնքային բյուջեից միջոցներ կտրամադրվեն, ինչի արդյունքում կավելանա նաեւ հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված երթուղիների քանակը:
(1).jpg)
.jpg)





























