Մյունխենի Ժամանակակից պատմության ինստիտուտի հետազոտողները ծրագրում են 2016 թվականին վերահրատարակել Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ»-ը (Mein Kampf):

Նոր հրատարակությունը կազմված կլինի երկու հատորից: Ընդհանուր առմամբ, գրքում ավելի քան 2 հազար էջ կլինի: Առաջին 780 էջերում կտպագրվեն 1925 թվականին գրված գրքի 27 գլուխները: Մյուս էջերում տեղ կգտնեն հետազոտողների մեկնաբանությունները:

«Արդյունքում գիրքը ոչ թե կքարոզի, այլ կդատապարտի նացիզմը»,- հայտարարել է Ժամանակակից պատմության ինստիտուտի տնօրեն Անդրեաս Վիրշինգը:

Ըստ The Local-ի, «Մայն Կամպֆ»-ի հեղինակային իրավունքները պատկանում են Բավարիայի իշխանություններին: Դրանց ժամկետը լրանում է 2015 թվականի վերջին (քանի որ գրքի հեղինակի մահից 70 տարի է անցել), եւ 2016 թվականից գիրքը կարող է տպագրել ցանկացած հրատարակիչ:

Հիտլերը «Մայն Կամպֆ»-ը («Իմ պայքարը») գրել է բանտում: Գրքում նա շարադրել է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները: