Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկացմամբ, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը երկրի հարկային մարմիններին հաղորդել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետեւանքով, Ռուսաստանում աշխատող Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի հանրապետությունների քաղաքացիները եկամուտները ենթակա են հարկման 13% դրույքաչափով՝ սկսած ՌԴ տարածքում նրանց աշխատանքի առաջին օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ ԵՏՄ մասին Համաձայնագրի 73 հոդվածի համաձայն, եթե միության անդամ-պետություններից մեկը, իր օրենսդրության եւ միջազգային համաձայնագրերի դրույթների համապատասխան, իրավունք ունի եկամտահարկ գանձել մեկ այլ անդամ-պետության ռեզիդենտից՝ որպես վարձու աշխատողից, որն իրականացվում է առաջին անդամ-պետությունում, նման եկամուտն առաջին պետությունում հարկվում է այն դրույքաչափերով, որը նախատեսված է այդ անդամ-պետության ֆիզիկական անձանց եկամուտների հարկման համար:

Այս հոդվածի դրույթը կիրառվում է ԵՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների եկամուտների հարկման համար: