«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը կշարունակի իր գործունեությունը խմբակցության մեջ որպես անկախ պատգամավոր: NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ինքը ընդամենը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, ոչ թե խմբակցությունից դուրս գալու, հետեւաբար՝ մանդատից չի զրկվի եւ կշարունակի գործունեությունը որպես անկախ պատգամավոր:

Նա պատրաստվում է երկուշաբթի օրը գնալ Աժ եւ մասնակցել քառօրյայի աշխատանքներին: Արագած Ախոյանը չբացառեց, որ հնարավոր է մտնի ԱԺ-ում ստեղծվելիք գործարար պատգամավորների խմբի մեջ, եթե իհարկե նման բան ստեղծվի:

Ինչ վերաբերում է իր՝ ԲՀԿ-ից դուրս գալուն, պատգամավորն ասաց, որ դա դավաճանություն չէ, ոչ էլ առնետավազք: «Որեւէ խնդիր չկա, սա քաղաքականություն է, ոչ ոք ոչ մեկի հետ չի զագսավորվել, ամեն մարդ ունի իր քաղաքական սկզբունքը, ինչի՞ց են վիրավորվում, նախ՝ նման բան չկա, երկրորդ՝ եթե նույնիսկ լինի, այդ դեպքում ես կարող եմ վիրավորվել, որ ցեղասպանության 100-ամյակին եմ պատրաստվել, տանջվել եմ, հիմա պետք է այդ ամեն ինչը թողնեի եւ զբաղվեի ներքաղաքական խնդիրներով, որը բերելու էր անկանխատեսելի հետեւանքներ, ինչպե՞ս կարող էր նման բան լիներ»,-ասաց Արագած Ախոյանը

Պատգամավորը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ չի զրուցել ոչ ԲՀԿ-ից դուրս գալուց առաջ, ոչ հետո: Նրա խոսքով՝  որեւէ մաղձ, լարվածություն չկա, եթե անհրաժեշտություն լինի, կտեսնի, կխոսի Ծառուկյանի հետ: «Մարդ ենք բոլորս էլ, ամեն մեկը իր որոշման տերն է: Բոլոր դուրս եկածներն էլ կայացած, ճանապարհ անցած մարդիկ են, որոնք ունեն իրենց ընտրազանգբածը, ձայները: Եկեք տեսնենք՝ ո՞րն է ճիշտը, ի՞նչ կանեին իրենք, եթե լինեին մեր տեղը: Սա ֆեոդալիմզ չէ, ֆեոդալ համակարգ չէ: Ես բազմիցս զգուշացրել էի, որ եթե կուսկացությունը փոխի իր քաղաքական վեկտորը,ես դրա մեջ չկամ, մի մարդ, որ չգիտի վաղվա օրը ինչ է լինելու եւ հստակ դիրքորոշում է հայտնում, լքում կուսակցությունը, ի՞նչ պիտակավորման կարիք կա: Առնետավազքը այն է, երբ մի տեղից վազում են ծանր կողմը, բայց ես հստակ արտահայտել եմ իմ դիրքորոշումը: Այսօրվա ամենամեծ խորմանակությունը պարզությունն ու մաքրությունն է»,-ասաց պատգամավորը:

Նախկին ԲՀԿ-ականը չցանկացավ գնահատակն տալ ստեղծված իրավիճակին, Գագիկ Ծառուկյանի ելույթին եւ իշխանությունների հետ հաշտեցմանը: Նա նշեց, որ եթե անգամ հաշտեցում չլիներ, ինքը միեւնույն է դուրս կգար ԲՀԿ-ից, դա արդեն հասունացել էր:  Նա նաեւ տեղեկացրեց, որ իր գործընկերներ Կարո Կարապետյանը եւ Հարություն Ղարագյոզյանը եւս կուսակցությունից դուրս գալու դիմում են գրել, նրանք եւս կշարունակեն իրենց գործունեությունը խմբակցության ներսում՝ որպես անկախ պատգամավոր:

Նշենք, որ պատգամավորները հրաժարվելով կուսակցական անդամությունից, չեն դադարեցնում պատգամավորի լիազորություները։

Պատգամավորի լիազորություններից հրաժարվում են այն ժամանակ, երբ վերջիններս դուրս են գալիս ՀՀ ԱԺ խմբակցություններից, բացառությամբ համամասնական ցուցակի առաջինից երրորդ տեղերն զբաղեցնող պատգամավորները և մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների։