Մայոր Սարգիս Աբրահամյանի որդին փետրվարի 21-ին ստացել է կարատեի սեւ գոտի, իսկ հայրն այդ ուրախությունը չի տեսնի. 2014թ.-ի հուլիսին ադրբեջանցի դիվերսանտը սպանել էրՎարդենիսից վերադարձող հայ զինծառայողին:
Սարգիս Աբրահամյանը Զինված ուժերում ծառայում էր մոտ 20 տարի: Սարգիսին պարտադիր ծառայություն են ուղարկում՝ դեռեւս 18 տարին չլրացած, պետք է ծառայեր Խաբարովսկում, սակայն ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով ծառայությունը շարունակում է Գյումրիում:

«Ծառայությունն ավարտելով՝ վերադարձավ գյուղ, իսկ պատերազմը սկսվելուն պես կամավոր մեկնեց Վարդենիսի զորամասում ծառայելու: Սարգիսը մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը: Իսկ պատերազմից հետո էլ գնաց Ռուսաստան, այնտեղ սովորեց ու վերադարձավ»,- պատմում է զոհված զինծառայողի հայրը՝ Սամվել Աբրահամյանը:

ՌԴ-ից վերադառնալուն պես Սարգիսը 1996թ.-ին մտնում է Զինված ուժերում ծառայության. Գյումրի, Երեւան, կյանքի վերջին 1 տարին էլ Քարվաճառ: Երբ 2014թ.-ի հունիսին տեղեկություն է տարածվում ադրբեջանական դիվերսիոն խմբի մասին, Սարգիսն այն զինծառայողներից մեկն էր, որը հետախուզական գործողություններ էր իրականացնում Վարդենիսի տարածքով:
«Դեպքի օրն էլ որդիս մինչեւ Վարդենիս իր մեքենայով եկել էր, տարածքն էր ուսումնասիրում: Իր զորամասի հրամանատարի տեղեկալն էր խնդրել այդ դեպքում Վարդենիսից վերցնել իր կնոջը եւ տանել Քարվաճառ: Ճանապարհին Սարգիսը մի քանի տեղ կանգ է առել, հրահանգներ տվել զինծառայողներին, երբ այդ դժբախտությունը պատահեց, որդուս կյանքն ընդհատվեց»,- ասում է Սամվել Աբրահամյանը:
Դեպքից կես տարի անց էլ Աբրահամյաններն ունեն հարցեր, բայց ոչ պատասխաններ: Մի բան նրանց համար պարզ է. հուլիսի 11-ին իրենց կյանքը «փոխվեց»:

«Սարգիսիս երկու տղաներն էլ սպորտսմեններ են, մեկը հուլիսին սեւ գոտին ստացավ, մյուսն էլ էսօր, իսկ Սարգիսս սա չի տեսնում, իր երեխաների հաջողություններով չի կարողանում ուրախանալ»,- շարունակում է Սարգիսի հայրը:
Այսօր Սարգիս Աբրահամյանի կինն ու 3 անչափահաս երեխաներն ապրում են Երեւանում, իսկ տարեց ծնողները՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում: Նրանց արդեն զոհված մայորի ծառայակից ընկերներն են օգնում:
«Երեւանի զորամասում Սարգիսի հետ աշխատած տղաներն ամեն շաբաթ գալիս են գյուղ, միասին գերեզմանոց ենք գնում, օգնում են, ինչով կարողանում են: Միշտ մեր կողքին են: Գյուղի ընկերներն էլ մեզ օգնում են հողամասի, այգու աշխատանքների հետ կապված»,- պատմում է Սամվել Աբրահամյանը:
Միեւնույն ժամանակ, Աբրահամյանները վիրավորված են Քարվաճառի այն զորամասի հրամանատարական կազմից, որտեղ մինչեւ զոհվելը աշխատել է Սարգիսը:
«Մի անգամ մեր տուն չեն եկել, ոչ մի անգամ: Թող ժողովուրդը հենց այդպես էլ իմանա, որ հրամանատարը նույնիսկ հուղարկավորությանը չեկավ: Նույնն էլ տեղակալին է վերաբերվում, ինքն ու կինը գոնե մի անգամ գային, պատմեին, ասեին՝ դեպքը ոնց է եղել, մեր տղան ոնց է մահացել: Չեն եկել...»,- նշում է Սարգիսը հայրը:

Թե ինչ պայմաններում է զոհվել Սարգիսը, հարազատները չգիտեն, բայց համոզված են՝ նա պայքարել է մինչեւ վերջ, քանի որ «շատ ճարպիկ էր ու անվախ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը 2014թ.-ի հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Աիդա Հովհաննիսյան





























