Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ճոյտի համար նոր մահճակալ չեն բերել: ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել՝ ասելով, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հակոբ Հակոբյանի համար «օրերս նոր մահճակալ են բերել, ինչը տարբերվում է խցում պահվող մյուս կալանավորների մետաղական մահճակալներից», չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին։





























