Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Գալիպոլիի ճակատամարտում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարած հաղթանակի 100-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարվա ապրիլի 24-ին նշանակված տոնական միջոցառումները, որոնք համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։ Այս մասին հաղորդում է թուրքական Today’s Zaman անգլալեզու պարբերականը՝ նշելով, որ այդ միջոցառումների չեղյալ հայտարարելու պատճառն այն է, որ միջազգային առաջնորդները չեն ցանկացել մասնակցել դրանց եւ դրանով ստվեր գցել Երեւանում այդ օրը կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների վրա։

«Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են, քանի որ ուղարկված հրավերներին տրված պատասխանների քանակը դրական չէ: Ընդամենը 5 երկիր է ընդունել հրավերը, այն էլ ներկայացված չեն լինի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով», - թերթին ասել է Թուրքիայի կառավարությունից մի պաշտոնյա, չցանկանալով նշել իր անունը։

Նշենք, որ Today’s Zaman-ի (որը չունի թուրքալեզու տարբերակ) այս տեղեկության վերաբերյալ չկա Թուրքիայի պաշտոնական հաստատումը՝ ԱԳՆ-ի կամ մեկ այլ պետական մարմնի կողմից։ Այս տեղեկությունը տեղ չի գտել նաեւ  թուրքալեզու որեւէ պարբերականում։  

Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել էր  մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին։ Հրավերը մնացել էր անպատասխան։ Փոխարենը վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը 2015 թ. ապրիլի 24-ը հռչակել է Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի օր եւ անձամբ ՀՀ նախագահին հրավիրել մասնակցելու տոնական միջոցառումներին: Պատասխան նամակում Սարգսյանը թուրք գործընկերոջը հասկացրել է, որ  հարմար պատրվակի հետեւում թաքնվելը փակուղի տանող ուղի է: