Եթե ցանկանում ենք այս տարածաշրջանում զարգացնել զբոսաշրջությունը եւ հատկապես էկոզբոսաշրջությունը, այն առավել գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար` մենք պետք է կարողանանք նախ եւ առաջ պատշաճ պահպանություն իրականացնել ազգային պարկի տարածքում, կանխել ապօրինությունները, որոնք վտանգավոր հետեւանքներ կարող են թողնել Դիլիջանի հարուստ կենսաբազմազանության եւ էկոհամակարգի հավասարակշռության վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է Հ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ հավելելով. «Մեր աշխատակիցներից ես ակնկալում եմ առավել հետեւողականություն եւ զգոնություն»:

Արամայիս Գրիգորյանն աշխատաժողով է անցկացրել ՀՀ ԲՆ ենթակայությամբ գործող «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում: Անդրադառնալով ազգային պարկում առկա խնդիրներին, ապօրինի ծառահատման դեպքերին, դրանց կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը` նախարարը ազգային պարկի աշխատակիցների ուշադրությունը հատուկ բեւեռել է ձմռան ամիսներին ապօրինի ծառահատումների դեմ իրականացվող միջոցառումներն էլ ավելի խստացնելու անհրաժեշտության վրա:

Աշխատաժողովի ավարտին նախարարը շնորհակալագրեր է հանձնել «Դիլիջան» ազգային պարկի որոշ աշխատակիցների նվիրված եւ բարեխիղճ աշխատանքային գործունեության, եղանակային բարդ պայմաններում գործառույթներն առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու համար:

IDEA հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի ուղեկցությամբ Արամայիս Գրիգորյանը շրջայց է կատարել Դիլիջանում, քննարկել տարածաշրջանում տուրիզմի զարգացման հեռանկարներն ու ծանոթացել հիմնադրամի կողմից առաջարկվող ծրագրերին: