Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխման համար հատուկ վերելակներով կահավորված հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները փորձարկումից հետո հանձնվել են շահագործման: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շահառու հասարակական կազմակերպությունների հետ մեկ անգամ եւս քննարկել բոլոր այն երթուղիները, որոնք առավել նպատակահարմար են հարմարեցված ավտոբուսների շահագործումը կազմակերպելու համար, զուգահեռ առաջարկություններ ներկայացնելով նաեւ այս տարի նախատեսված համանման ավտոբուսների համար:

Անդրադառնալով վերջին օրերին քաղաքային տրանսպորտի կրճատման վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին՝ քաղաքապետը հանձնարարել է նման դեպքերում արագ արձագանքել իրականությանը չհամապատասխանող լուրերին:

«Շրջանառվող ապատեղեկատվությանը, որ քաղաքային տրանսպորտը հիսուն տոկոսով կրճատվելու է, պետք էր արագ արձագանքել, առավել եւս, որ մենք որոշակի աշխատանքներ ենք տանում բնակչության համար պատշաճ եւ առավել հարմարավետ սպասարկում ապահովելու ուղղությամբ: Բոլորդ գիտեք, որ քայլեր են ձեռնարկվում գործող երթուղիներում տրանսպորտային լրացուցիչ միջոցներ ներգրավելու ուղղությամբ, ուստի ապատեղեկատվության դեպքում ուղղակի պարտավոր եք միանգամից արձագանքել, որպեսզի ավելորդ խուճապ չառաջանա մեր բնակչության շրջանում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել է նաեւ հատուկ ուշադրություն դարձնել չսահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի կազմակերպման դեպքերին եւ ՃՈ հետ համատեղ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց բացառման ուղղությամբ: