Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ բացօթյա առեւտրի ցանկացած փորձ կանխելու նպատակով: Նշվել է, որ նախորդ շաբաթ բացօթյա ապօրինի առեւտրի վերաբերյալ 14 վարչական արձանագրություն է կազմվել
«Այս ուղղությամբ եղեք խիստ եւ հետեւողական ու Երեւան քաղաքի ոստիկանության հետ սահմանեք ուժեղացված հսկողություն: Այսօր վարչական շրջաններում առկա են գյուղմթերքի շուկաներ, ինչը հնարավորություն է տալիս գյուղմթերք արտադրողներին իրենց առեւտուրը կազմակերպել հարմարավետ պայմաններում: Ըստ այդմ, հետեւեք, որ սահմանված կարգը չխախտվի»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 5 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է պարբերաբար շրջայցեր իրականացել նաեւ բազմաբնակարան բնակելի շենքերում ու բակային տարածքներում եւ ապօրինաշինության դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով ակտիվ համագործակցել համատիրությունների հետ:
Անդրադառնալով Կենդանաբանական այգում իրականացվող շինաշխատանքներին՝ հանձնարարվել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու սահմանված ժամկետում ավարտին հասցնել այն:





























