Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ փետրվարի 24-ին, հանդիպել է իսպանական «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսի եւ «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելեւի գլխավորած պատվիրակության հետ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաեւ փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, եւ մենք կարեւորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց եւ պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր եւ ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում քաղաքապետի մոտեցումները եւ վստահեցրել է, որ իրենց ընկերությունը եւս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
«Մեր ընկերությունը շուրջ 120 տարվա պատմություն ունի եւ այսօր ներկայացված է աշխարհի 14 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Մենք, պարոն քաղաքապետ, հետաքրքրված ենք նաեւ Երեւանում գործունեություն ծավալելու հեռանկարով եւ պատրաստ ենք քննարկել կոնկրետ ծրագրեր»,- ընդգծել է Մանուել Կոնտրերաս Ռամոսը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերությունների քաղաքականությունը` «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելեւն էլ նշել է, որ դրանց գործունեության ուղղություններն ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ աղբավայրի կառավարում, ճանապարհաշինություն, մետրոյի կառուցում եւ այլն:
«Մենք պատրաստակամ ենք երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում, եւ համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ ոչ ուշ ապագայում հնարավորություն կունենանք արդեն քննարկել աշխատանքային ծրագրեր» ,- նշել է Իգոր Շեխելեւը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախանշի համագործակցության համար հստակ ուղղություններ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:





























