ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզում մասնակցել է հերթական մարզային խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ պատասխանատուներ:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցված արդյունքները`նախարարը բարձր է գնահատել հատկապես վարելահողերի օգտագործման մակարդակը, որով նախորդ տարվա արդյունքներով մարզը զբաղեցրել է 3-րդ տեղը: Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, մարզում առկա 78438.5 հեկտար վարելահողերից 2014թ․ օպերատիվ տվյալներով մշակվել է 63695 հա (81.2%), նախորդ տարվա համեմատ 2830 հա ավել: 2015թ․ ըստ կանխատեսումների կմշակվի 65786 հա, նախորդ տարվանից 2091 հեկտարով ավել։ Նախարարը նշել է, նաեւ, որ արդեն 2175 հա ավել աշնանացան է կատարվել:
Նախարարը նշել է նաեւ, որ նախորդ տարի մարզի գյուղատնտեսությունը զգալի վնասներ է կրել կարկտահարության պատճառով, որի դիմաց պետության կողմից ցուցաբերվել է աջակցություն:
Նախարարը հավաստիացրել է, որ ընթացիկ տարում կշարունակվեն պետական աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով կտրամադրվեն պարարտանյութեր, դիզելային վառելիք եւ բարձր վերարտադրության սերմացու:
Անդրադառնալով անասնապահության ոլորտում գրանցված արդյունքներին` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Շիրակի մարզում ոչխարների եւ այծերի գլխաքանակն ավելացել է շուրջ 5.0%-ով, սակայն տավարի ընդհանուր գլխաքանակը նվազել է շուրջ 2.0%-ով:





























