Հայաստանում դեռ շատ անելիքներ կան, որպեսզի սահմանափակ կարողություններով անձինք իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ունիսոն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը` նշելով, որ հաշմանդամություն ունեցողների հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի մատչելիությունը եւ զբաղվածությունը։
Այնուամենայնիվ, Երեւանում, Արմեն Ալավերդյանի խոսքով, վերջին տարիներին հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ զգալի առաջընթաց է նկատվում, մինչդեռ մարզերում նույնիսկ նվազագույն անհրաժեշտ պայմաններն ապահովված չեն:
«Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք շատ խնդիրներ ունեն, հատկապես մատչելության ոլորտը դեռ զարգացած չէ: Վերջին տարիներին Երեւանում կարելի է նկատել մեծ առաջընթաց, բայց մարզերում առայժմ դա առկա չէ: Տրանսպորտի եւ այլ շինությունների մատչելիությունը շատ ցածր մակարդակի վրա է»,-ասաց Ալավերդյանը:
«Ունիսոն» ՀԿ նախագահի խոսքով` վերջերս նաեւ հատուկ կարիքներ ունեցող անձանց զբաղվածության ոլորտում հաջողություններ են գրանցվում, սակայն եզակի դեպքերում:
«Վերջերս մեծ թվով հաշմանդամներ ընդունվել են աշխատանքի ՏԿԱԻՆ-ում, տարբեր սոցձեռնարկություններում, «Ունիսոն» ՀԿ-ում, բայց դրանք եզակի հաջողություններ են: Մեծ հաշվով, Հայաստանում շատ անելիք կա, որպեսզի հաշմանդամությունը չխանգարի մարդուն նորմալ, լիարժեք կյանքով ապրել»,- ասաց հաշմանդամություն ունեցող անձանց իրավաբանական եւ բազմաբնույթ ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպության նախագահը:





























