«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով նրա մոտ մեկ տասնյակ բարեկամները շարունակում են մեկ ամիս առաջ սկսած իրենց նստացույցը: Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը NEWS.am-ին ասաց, որ իրենց պահանջը չի փոխվել, այնքան կմնան նախագահական նստավայրի մոտ, մինչեւ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունի իրենց:
«Երբ նախագահը մոտեցավ մեզ, խոստացավ, որ կընդունի մեզ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո: Բայց մեր պահանջն այն է, որ նախագահը մեզ ընդունի մինչեւ Վճռաբեկի որոշումը կայացնելը, որովհետեւ դրանից հետո անիմաստ կլինի: Մենք ուզում ենք հանդիպել, փաստերով ներկայացնել բոլոր խախտումները, ներկայացնել, թե ովքեր են կանգնած անօրինականության հետեւում: Մենք մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ Աշոտն ինքը գա մեզ տանի այստեղից»,- ասաց Լավրենտ Առուշանյանը՝ նշելով, որ իրենք հուսով են, որ Վճռաբեկ դատարանն արդարացման վճիռ կկայացնի:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ից նստացույց եւ հացադուլ սկսած Առուշանյանները փետրվարի 3-ին առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էին հացադուլը: Ինչպես նշեց Լավրենտ Առուշանյանը՝ իրենք դեռ լիովին չեն ապաքինվել, սակայն անհրաժեշտության դեպքում կվերսկսեն այն:
Նշենք, որ հունվարի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը Սիրահարների այգում զրուցել էր Անահիտ Առուշանյանի հետ եւ խոստացել նրանց ընդունել Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:
Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է:





























