Փաստաբան Գարիկ Գալիկյանն ահազանգում է, որ առեւանգման մեջ մեղադրվող իր պաշտպանյալի՝ Երեւանի բնակիչ, 39-ամյա Էռնեստ Գյուլնազարյանի դեմ քննչական մարմինն անհիմն մեղադրանք է առաջադրել եւ երկու ամիս է՝ կալանքի տակ է պահում: NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ, չնայած իր բազմաթիվ միջնորդություններին, նախաքննական մարմինը երկու ամսվա ընթացքում չի պարզել գործի հանգամանքները:

«Նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել 131-րդ հովածի 2-րդ մասի 1-ին կետով,  հիմնավորված է համարել այն, որ իմ պաշտպանյալը՝ Էռնեստը, հունվարի 4-ին ժամը 18:00-ի սահմանում Երեւանի Րաֆֆու փողոցում իր երեխաներին տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է տուժողի հետ, որն իմ պաշտպանյալի նախկին կնոջ հետ է ապրում, ինչից հետո չորս անձանց հետ նրան հարվածներ հասցրել, ապա առեւանգել: Ըստ այդ մեղադրանքի՝ պաշտպանյալս տուժողին առեւանգելուց հետո նրան տարել է մի ավտոտնակ, այնտեղ 40 րոպե պահել, ծեծել: Նախաքննական մարմինն այս մեղադրանքը հիմնավորված է համարել միայն տուժողի ու նրա կողմից շահագրգիռ անձ հանդիսացող վկայի՝ մեղադրյալի նախկին կնոջ ցուցմունքի հիման վրա: Նախաքննական մարմինը, սակայն, չի փորձում պարզել դեպքի հանգամանքները: Մեր խնդիրն է՝ պարզեն՝ առեւանգման փաստը եղել է, թե ոչ: Դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով, բայց չեն պարզել՝ տեսել են հարեւանները կատարվածը, թե ոչ: Վկան ասել է՝ տեսել է առեւանգումը, բայց քննիչները չեն պարզել՝ հնարավոր էր՝ վկան պատուհանից տեսած լիներ՝ ինչ է կատարվում, թե ոչ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ թեեւ դեպքը հունվարի 4-ին է տեղի ունեցել, բայց  առեւանգման մասին հաղորդումը ոստիկանություն  ներկայացվել է մեկ օր անց՝ իր պաշտպանյալի նախկին կնոջ կողմից:

Փաստաբան Գարիկ Գալիկյանը պատմեց, որ իր պաշտպանյալն ասել է՝ չի առեւանգել տուժողին, նրան պարզապես խնդրել է նստել ավտոմեքենան եւ բակից հեռու տարածքում զրուցել, որպեսզի աղմուկ չբարձրանա: Պաշտպանական կողմը չի հերքում, որ վեճի ժամանակ պաշտպանյալը հարվածել է տուժողին, սակայն վստահեցնում է, որ վնասվածքներն աննշան են եղել:

Փաստաբան Գարիկ Գալիկյանը նախաքննական մարմնի խախտումների վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի նախագահին,  պատասխան դեռ չի ստացել: