2017 թվականին Հայկական ԱԷԿ-ի գործունեության դադարեցումը բեռ կդառնա էլեկտրաէներգիայի սակագնի համար: Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով, որ 2017 թվականին ԱԷԿ-ը վերանորոգման նպատակով 6 ամսով կանգ կառնի, էներգացանցը ստիպված կլինի ավելի շատ էներգիա վերցնել ՋԷԿ-երից, իսկ հիմա այն 2-2.5 անգամ ավելի թանկ է, քան ԱԷԿ-ինը:

Իհարկե, առայժմ վաղ է խոսել այն մասին, թե դա ինչ ծավալով կազդի սակագնի վրա: Ըստ Նազարյանի, ամեն ինչ կախված կլինի գազի գնից եւ դոլարի փոխարժեքից (քանի որ որպես խոշոր սպառող՝ ՋԷԿ-երի գազի սակագինը կապված է դոլարին - խմբ.):

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ռուսաստանը հավանության է արժանացրել Մեծամորի ատոմակայանի վերանորոգման համար Հայաստանին 270 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու համաձայնագիրը: Այդ նպատակով նաեւ 30 մլն-ի չափով դրամաշնորհ կտրամադրվի:

Նշենք, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ «Ռոսատոմ» կորպորացիայի մասնագետները կօգնեն անհրաժեշտ տեխնիկական նախագիծ կազմել:

Հայկական  ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989-ին այն փակվել է, իսկ 1995 թվականին 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը կրկին վերագործարկվել է: