ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Արգիճ գետի վրա ՀԷԿ-ի կառուցման խնդրի առնչությամբ նամակ է հղել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Սույն թվականի հուլիսի 19-ին եւ 20-ին մի շարք լրատվության միջոցներում հրապարակվել են հոդվածներ, որոնք վերաբերում են Սեւանա լիճը սնուցող աղբյուրներից մեկի՝ Արգիճի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանին: Ըստ լրատվամիջոցների՝ այդ հիդրոէլեկտրակայանի կառուցումը կարող է հարեւան համայնքների եւ տնտեսությունների ոռոգման ջրից զրկվելու պատճառ հանդիսանալ, ինչպես նաեւ վնաս հասցնել Սեւանի ձկնաշխարհին, քանի որ Արգիճը Սեւանի ջրավազանի ձկների ձվադրման համար կայուն վայր է:

Հրապարակումների համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը հիդրոէլեկտրակայանի կառուցման թույլտվություն է տվել «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ին, որն իր հերթին այն վաճառել է «Զանգեզուր Էքսպին» ՍՊԸ-ին: ՀՀ բնապահպանության նախարարությունն արգելել է որեւէ գործունեության իրականացում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության փաստաթղթերի բացակայության պատճառով:

Միաժամանակ նշված է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրել է կառուցել 250 մմ խողովակներով ջրատար, սակայն խողովակները 530 մմ տրամագծով են՝ ինչը ենթադրում է ավելի մեծ քանակությամբ ջրի օգտագործում:

Հաշվի առնելով, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները հակասական են, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով՝ խնդրում եմ հայտնել՝ արդյո՞ք գոյություն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն: Առկայության դեպքում ուղարկել դրա, ինչպես նաեւ կառուցապատման հետ կապված մյուս փաստաթղթերի պատճենները:

Նկատի ունենալով հարցի հրատապությունը՝ խնդրում եմ պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետում»: