Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն տանը շարունակում է բուժումը:

NEWS.am-ի հետ զրույցում Արսենի մայրը՝ տիկին Սվետան, հայտնեց, որ առաջիկա օրերին նա նորից Երեւան է գալու ստուգման:

«Արսենի վիճակը լավ է, բայց դեռ չի աշխատում, բուժում է ստանում: Բացի դրանից՝ հոգեպես վիճակը լավ չէ, դեղեր է ստանում, «Ավան» հոգեբուժարանի բժիշկների հսկողության տակ է»,- ասաց տիկին Սվետան՝ նշելով, որ դեղերն անվճար տրամադրում է առողջապահության նախարարությունը:

Նշենք, որ Արսենը տառապում է նաեւ «փսորիազ» հիվանդությամբ: Անցած տարվա օգոստոսից նա պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: