Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով 17-ամյա Սամվել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դեռեւս երկու շաբաթ առաջ: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա հանրային պաշտպան Մամիկոն Մուրադյանը:

Նա հայտնեց, որ Սամվելին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Պատիժը նախատեսում է ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով

«Պաշտպանյալս ցուցմունք է տվել եւ հայտնել է, որ ոչ մի բան չի արել»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Սամվել Սարգսյանը Գյումրիից է:

Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Բախումներից հետո հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանին եւ Անուշավան Հարությունյանին։