Թմրանյութ ապօրինի ձեռքբերելու, պահելու և իրացնելու կասկածանքով կալանավորված Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանին արդարացրել եւ ազատ են արձակել հենց դատարանի դահլիճից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան որդին` Հարություն Հարությունյանը:
Նա նշեց, որ հայրը 1,5 տարի անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել հունվարի 27-ին: Վեց ամիս տեւած քննությունից հետո դատարանը եզրակացրել է, որ որեւէ ապացույց, ողջամիտ կասկած կամ ենթադրություն չի եղել:
Այժմ նրանք մտադիր են դիմել դատարան՝ պահանջելով վնասի փոխհատուցում, որը կազմում է 6մլն դրամ: Հարություն Հարությունյանը նշեց, որ ազատ արձակվելուց հետո իր հայրը պետք է շարունակել աշխատանքը, սակայն անհիմն խոչընդոտներ են ստեղխում այդ հարցում: Այժմ այդ հարցով գրավոր իրենք դիմել են Արմավիրի մարզպետին եւ ակնկալում են պատասխան: Փաստաբանը շեշտեց, որ մինչեւ 2017թ պայմանագիր կա իր հոր հետ եւ ըստ օրենքի՝ իրավունք չունեն նրան չվերականգնվել աշխատանքում:
Հիշեցնենք, որ 2013թ սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։ Ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկությունները իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։





























