Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների եւ դասախոսների՝ ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ:

Վարչապետն ուսանողներին է ներկայացրել գլոբալ տնտեսական իրադրությունն ու միտումները՝ անդրադառնալով  ՀՀ եւ ԼՂՀ տնտեսության վրա դրանց ազդեցությանը: Խոսելով հանրապետությունում ֆինանսա-տնտեսական ստեղծված իրավիճակի մասին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ համաշխարհային  եւ տարածաշրջանային տնտեսական զարգացումներն ազդում են նաեւ Արցախի տնտեսության վրա:

«Եթե 2015 թվականը տնտեսական թռիչքային տարի էինք կանխատեսում, ապա աշխարհում եւ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական զարգացումները եւ դրանց բացասական անդրադարձը մեր տնտեսության վրա հուշում են, որ չենք ունենալու կանխատեսված արդյունքները՝ չնայած վստահ եմ պլանավորված պետական  բոլոր ծրագրերի իրականացման մեջ»,- նշել է վարչապետը:

Հանդիպման երկրորդ կեսին, պատասխանելով ուսանողներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի, կառավարության ղեկավարը ներկայացրել է իր մոտեցումները եւ որոշ մանրամասներ տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին՝ հետաքրքիր հանդիպման համար եւ վստահություն հայտնել, որ ուսանողների հետ հանդիպումները պարբերական բնույթ կունենան՝ ոչ միայն կառավարության ղեկավարի, այլ նաեւ Արցախ ժամանող հայտնի գործարարների, տնտեսագետների եւ այլ գործիչների հետ:

Ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած ուսանողներից մեկին հանդիպման վերջում Ա. Հարությունյանը դյուրաշարժ համակարգիչ է նվիրել՝ հորդորելով մասնագիտական գիտելիքների զարգացման ճանապարհին լավագույնս օգտվել համացանցի տրամադրած հնարավորություններից: