Թերթին հարցազրույց է տվել «Սոցիալիստական ուժերի միության» նախագահ Աշոտ Մանուչարյանը: Հարցին՝ Հայ ազգային կոնգրեսին համարու՞մ եք միակ ընդդիմադիր քաղաքական ուժը՝ Մանուչարյանն արձագանքել է. «ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը իհարկե երկրի առաջատար ընդդիմադիր ուժն են եւ իհարկե՝ ոչ միակը: Լինելով առաջատար քաղաքական ուժ՝ թե Կոնգրեսը, թե նրա լիդերի գործունեությունը, ենթակա են մանրակրկիտ վերլուծության, անխնա քննադատության՝ բացթողումների դեպքում: Բայց այս դեպքում, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, կա մի կարեւորագույն առանձնահատկություն. Կոնգրեսը եւ նրա լիդերն ունեն մեկ այլ կարգավիճակ եւս՝ քաղաքական համակարգից դուրս եւ շատ ավելի տարողունակ:
Պատմության ընթացիկ փուլում Կոնգրեսը կազմում է հայկական դիմադրության ողնաշարը, իսկ առաջնորդը՝ այդ ողնաշարն ամբողջացնող առաջնային (միգուցե միակ) գործոնը: Դա մեր ժողովրդի ունակությունն է՝ դիմակայել իր համար խորթ, իր կարեւորագույն կենսական հանգամանքները խաթարող գործառույթներին թե երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս: Սա ոչ կազմակերպություն է, ոչ կառույց: Սա ավելի շատ կոնգրեսի գործունեության շնորհիվ արթնացած, շատ անգամ նրա հետ քիչ ընդհանրություն, առանձին դեպքերում՝ թշնամանք ունեցող մեր հանրությունն է, ազգային ներուժի ամենատարբեր օղակները: Սա ավելի շատ մեր ազգային մարմնի ինքնապահպանության բնազդն է, որի շրջանակում, օրինակ, գործող նախագահը կարող է կամ ստիպված է ոչ ասել մի արտաքին անընդունելի առաջարկի՝ միայն մատնանաշելով ՀԱԿ-ի գոյությունը, նրա հնարավոր արձագանքը: Այսինքն՝ փրկել իրեն եւ երկիրը զուտ թշնակաման Կոնգրեսի՝(Դիմադրության) գյության հանգամանքով:




























