Ամերիկացի սենատորներ Ջին Շահինը, Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը առանցքային քաղաքական հարցեր են բարձրացրել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ամերիկայի հայկական համագումարից:

Սենատոր Շահինը խնդրել է Բրայզայից պատասխանել իր ընտրողներին հետաքրքրող մի շարք կարեւոր հարցերի, որոնց շարքում է նաեւ այն, որ Բրայզան սերտ կապեր ունի Ադրբեջանի ղեկավարության հետ: Մեթյու Բրայզան նշել է, որ ինքը մասնագիտական հարաբերություններ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի ու Ղարաբաղի պաշտոնյաների հետ: Նա նաեւ վստահեցրել է, որ իր հարսանիքը չի ֆինանսավորվել դրսից` ինչ-որ մեկի կողմից:

Ամերիկացի դիվանագետը հաստատել է իր հավատարմությունը ԱՄՆ քաղաքականությանը` Հելսինկյան երեք հիմնարար սկզբունքների (ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների հավասար իրավունքներ ու ինքնորոշում) վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը ձգտում է հասնել ԼՂ խնդրի լուծման՝ կողմերի միջեւ բանակցությունների եւ այդ երեք հիմնարար սկզբունքների հիման վրա:

Պատասխանելով սենատոր Մենենդեսի հարցին, Բրայզան նշել է, որ ցանկացած վերջնական լուծում պետք է արտահայտի ԼՂ ժողովրդի շահերը: