Հուլիսի 23-ին Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրվել է «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման» մասին 40 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը: Ծրագիրն ուղղված է կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնմանն ու ճանապարհաշինության ոլորտում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը:
Ծրագրով նախատեսվում է հանրապետության թվով 9 մարզերում իրականացնել գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին կապող շուրջ 190 կմ ճանապարհային հատվածների վերականգնման աշխատանքներ: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ արդեն իսկ նախատեսվում է վերականգնել 50 կմ ճանապարհ: Նրա խոսքով` ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել շուրջ 19 000 մարդ/ամիս աշխատատեղ այս ոլորտում:
Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ, լողացող տոկոսադրույքով: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով` վարկի տրամադրման պայմանները շահավետ են, ինչը հնարավորություն կտա հստակորեն իրագործել տարածքային համաչափ զարգացում ապահովող այս ծրագիրը եւ առանց որեւէ դժվարությունների մարել վարկը:




























